Պետք է արդյոք տարբերակել վաճառքն ու մարքեթինգը։ Միանշանակ ԱՅՈ։ Թերևս այդ տարանջատման բացակայությունն է խոչընդոտում մի շարք կազմակերպությունների աշխատանքին։ Եթե մարքեթինգի նպատակը պոտենցիալ գնորդներ գտնելն է, ապա վաճառքի նպատակը այդ գնորդներին վերջնական հաճախորդ դարձնելն է. շղթայական, փոխկապակցված գործունեություն։
Այժմ ներկայացնենք այդ գործունեության հաջորդական քայլերը։ Նախ մարքեթինգի շնորհիվ՝
- Ուսումնասիրվում է շուկան
- Ներկայացվում է ապրանքը/ծառայությունը
- Թիրախավորվում են պոտենցիալ գնորդները
- Սահմանվում է գնորդների համար նախատեսված ուղերձը
- Ընտրվում են ուղերձը ճիշտ տեղ հասցնելու ուղղությունները
- Գեներացվում են պոտենցիալ հաճախորդները։
Նշված քայլերի ավարտից հետո աշխատանքները «փոխանցվում են» վաճառքի բաժնին։ Վերջինս իր հերթին՝
- Կապ է հաստատում բոլոր պոտենցիալ հաճախորդներին հետ
- Փորձում է բավարարել հաճախորդների պահանջմունքները՝ հասցնելով ապրանքի/ծառայության գնման վերջնարդյունքին
- Ներկայացնում է բոլոր հնարավոր լուծումները պահանջմունքների բավարարման համար
- Տալիս է բավարար պատասխաններ վաճառքի ողջ գործընթացի իրականացման համար
- Հանգեցնում է համագործակցության դրական վերջնարդյունքին
- Ապահովում է հետադարձ կապն ու ծառայությունների որակյալ սպասարկումը։
Թեև այս երկու բաժինները գործում են միմյանցից անկախ ու առանձին, այնուամենայնիվ չի կարելի դրանք սահմանազատել, քանի որ վերջիններս փոխկապակցված ու փոխլրացնող ճյուղեր են, և միայն դրանց ճիշտ կապը կարող է հանգեցնել աշխատանքային գործընթացի արդյունավետությանը։